Մոդել ու լրագրող Սառա Կարբոներոն, որը «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի կինն է, հոսպիտալացվել է քաղցկեղի ռեցիդիվից հետո։
Կարբոներոն ուրբաթ օրը՝ 37-ամյակից ընդամենը երկու օր անց, հոսպիտալացվել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Պամպլոնա քաղաքի մասնավոր հիվանդանոց։ Առողջության վերաբերյալ վտանգների մանրամասները հայտնի են դարձել փետրվարի 10-ին, երբ նա ստիպված է եղել դադարեցնել իր աշխատանքային պարտականությունները։
Իսպանական ԶԼՄ-ները՝ հղում անելով լրագրողին մտերիմ աղբյուրներին, հաղորդում են, որ Սառան ապաքինվում է ու անհամբեր սպասում է առօրյա կյանքին վերադառնալու հնարավորությանը, եթե ամեն ինչ ծրագրածի պես ընթանա։
2019-ի մայիսին Սառան հայտարարել էր, որ ձվարանի քաղցկեղի վիրահատության է ենթարկվել։ Դրանից հետո Կարբոներոն քիմիոթերապիայի կուրսեր էր անցել։
Լրագրողն այս անգամ դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։