Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Երևանը» Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր «Ուրարտուին»: Հանդիպումն ավարտվեց «Ուրարտուի» նվազագույն հաշվով հաղթանակով:
Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ առավելապես պաշտպանվում էին ու ոչ մի վտանգավոր պահ չստեղծվեց թիմերի դարպասներին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում թիմերը մեկական վտանգավոր պահ ունեցան: «Երևանի» կազմում շատ նպաստավոր դիրքից վրիպեց Ջեֆերսոն Բարբոսան: Այդ վրիպումից րոպեներ անց՝ 64-րդ րոպեին, սեփական տուգանայինի մատույցներում կանոնների խախտում թույլ տվեց Արգիշտի Պետրոսյանը: Նշանակված տուգանային հարվածը Եվգենի Կոբզարը եզրափակեց գոլով:
Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին Ջեֆերսոնը ևս մեկ անգամ վրիպեց՝ ի չիք դարձնելով այս խաղում գոնե ոչ-ոքի կորզելու «Երևանի» վերջին շանսը:
«Ուրարտուն» այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ և 5 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական: «Երևանը» 8-րդ պարտությունը կրեց ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը: