Անգլիական Պրեմիեր-լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուոթֆորդին»: «Էթիհադ» մարզադաշտում գրանցվեց 8-0 հաշիվը:
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան արդեն առաջին րոպեին. աչքի ընկավ կիսապաշտպան Դավիդ Սիլվան: 18-րդ րոպեին հաշիվն արդեն 5-0 էր. գոլերով աչքի էին ընկել Սերխիո Ագուերոն, Ռիյադ Մահրեզը, Բեռնարդու Սիլվան և Նիկոլաս Օտամենդին:
Երկրորդ խաղակեսում Բեռնարդու Սիլվան հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ մրցակցի դարպասը գրավելով 48-րդ և 60-րդ րոպեներին: 85-րդ րոպեին տանտերերը 8-րդ գոլն ուղարկեցին «Ուոթֆորդի» դարպասը. այս անգամ աչքի ընկավ Կևին Դե Բրույնեն:
Նշենք, որ այս խաղում «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց՝ դառնալով պատմության առաջին թիմը, որը 18-րդ րոպեին արդեն 5 գնդակի առավելություն է ունենում:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 13 միավոր հավաքեց ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 2 միավորով: «Կարմիրներն» այս տուրի իրենց խաղը «Չելսիի» հետ դեռ չեն անցկացրել: «Ուոթֆորդը» 2 միավորով 20-րդ հորիզոնականում է: