Հայաստանի Երիտասարդական հավաքականի և «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանն օրերս հեռացել է բելառուսական «Իսլոչից», որին միացել էր այս տարվա փետրվարին:
ArmSport.am-ի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմել է հեռանալու պատճառների և առաջիկա անելիքների մասին:
«Իսլոչից» հեռանալուս գլխավոր պատճառն այն էր, որ քիչ խաղաժամանակ էի ստանում թիմում:
Իսկ ինձ պետք էր խաղալ և ապացուցել, թե ինչի եմ ունակ: Քանի որ այդ շանսը չստացա, որոշեցի տրանսֆերային պատուհանի բացվելուն պես հեռանալ թիմից», — ասում է ֆուտբոլիստը:
Նշենք, որ «Իսլոչի» կազմում Աղեկյանն իր նորամուտը նշել էր ԲԱՏԷ—ի հետ գավաթային խաղում: Այս ընթացքում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 8 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:
Այն մասին, թե այս պահին որտեղ է ու ինչ պլաններ ունի, արդյոք կա հետաքրքրվածություն հայկական ակումբների կողմից, ֆուտբոլիստը պատմեց.
«Այս պահին գտնվում եմ Լիտվայում: Մայրաքաղաք Վիլնյուսում եմ, որտեղ փորձաշրջան եմ անցնում «Ռիտերիաի» ակումբում: Ճիշտն ասած, չեմ հետաքրքրվել՝ կա արդյոք իմ նկատմամբ հետաքրքրություն մեր ակումբների կողմից, թե ոչ: Բայց տարբերակներ կան արտասահմանում: Կընտրեմ այն ակումբը, որտեղ կստանամ շանս ու անպայման կօգտագործեմ այդ շանսը»:
«Իսլոչն» Աղեկյանի կարիերայում առաջին արտասահմանյան թիմն էր: Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես է փոխվել հարազատներից հեռու գտնվելով, այնտեղ անցկացրած ժամանակահատվածում ինչ նոր բաներ է բացահայտել ինքն իր մեջ կամ սովորել.
«Այո, իմ առաջին 6 ամիսներն էին տնից հեռու, ես ապրում էի մենակ՝ առանց հարազատներիս ու ընկերներիս: Կարծում եմ՝ օտար երկրում, այդ հանգամանքներում ավելի կայացա, ավելի ինքնուրույն դարձա իմ որոշումների ու գործի մեջ: Ավելի լավ ռուսերեն սովորեցի (ծիծաղում է՝ հեղ.)»:
Նշենք, որ «Ռիտերիաին» 2005 թվականին հիմնադրված ակումբ է: 2014 թվականից թիմը խաղում է Լիտվայի առաջնության A լիգայում: Լիտվայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմն անցկացրած 16 խաղից հետո ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Հռիփսիմե Գալստյան